Կոկորդիլոսաբուծարանի համար ներկրվելու են ձվեր, մեկ ձվի արժեքը 400 դոլար է. Խաչատուր Սարգսյան

Խնդիրը լուծված է. ՊԵԿ-ի հետ ճշտել ենք՝ կոկորդիլոսն ինչ կոդի տակ ներկրել՝ թռչնի, թե կենդանու, լրագրողների հետ զրույցում ասաց «Արմոն» ընկերության հիմնադիր, երկրաբան Խաչատուր Սարգսյանը:

«Ներկրելու համար ամեն ինչ ունի կոդ, իսկ մենք չունենք մշակված օրենսդրություն՝ ինչ է դա՝ թռչո՞ւն, թե՞ կենդանի: Խնդրել էինք ՊԵԿ-ին ճշտել՝ ինչ կոդի տակ ներկրել: Եթե ձու է, ապա ներկրումը լինելու է թռչունի հետ կապված, եթե կենդանի կոկորդիլոս ենք ներկրում, ապա այն լինելու է կենդանու անվան տակ: Խնդիրը լուծված է», - ասաց Սարգսյանը:

Նրա խոսքով՝ նախատեսվում է ձու ներկրել 3-4 տարբեր աֆրիկյան երկրներից և տարիների ընթացքում հենց այստեղ հիմնել կոկորդիլոսաբուծարան, որի համար կլիմայական պայմանները բավարար են:

«Մեկ ձվի արժեքը 400 դոլար է, բայց ծրագրի վրա ոչ մի կոպեկ դեռ ներդրված չէ», - ասաց նա:

Սարգսյանն ընդգծեց, որ սա հրաշալի հնարավորություն կլինի զբոսաշրջիկներին գրավելու համար՝ նկատելով, որ Արարատի Դաշտավան գյուղում միայն կոկորդիլոսաբուծարան ստեղծելու մասին չէ խոսքը և այն 31 նոր ենթակառուցվածքների մի բաժինն է լինելու, իսկ ենթակառուցվածքը կրելու է «Ապշանքի էկոայգի» անվանումը: